Մայիսի 17-ին Անկարայի հանրապետական դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 101 նախկին զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Կասկածյալներին ավելի վաղ հեռացրել են օդուժից Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Զինվորականներից մեկը նախկին գեներալ-լեյտենանտ է, 5-ը գնդապետ, 2-ը փոխգնդապետ, 4-ը մայոր, 25-ը կապիտան, 54-ը ավատ լեյտենանտ: Գեներալ-լեյտենանտ Էմին Այըքը նախկինում եղել է երկրի օդուժի՝ Մալաթիա նահանգի 7-րդ գլխավոր ավիաբազայի ղեկավարը: Կասկածյլաներից 37-ն արդեն ձերբակալվել է, մյուսների հայտնաբերման համար գործողությունները շարունակվում են:
Նշենք, որ Թուրքիայում շարունակվում է նաև գործող զինվորականների ձերբակալությունները: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Ներկայում ընթանում են հազարավոր մարդկանց դատավարությունների, բազմաթիվ զինվորականներ արդեն իսկ ցմահ ազատազրկվել են՝ ընդ որում մի մասը բանտարկված է խստացված ռեժիմով բանտերում:
Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանություններն առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:
Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:
Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: