Իրանական ուժերը հրթիռակոծել են Գոլանի բարձունքները, Իսրայելը պատասխան հարվածել է Սիրիայի տարածքին

Մայիսի 10-ին Գոլանի բարձունքները, որոնք գրավված են իսրայելական զինուժի կողմից, հրթիռակոծման են ենթարկվել: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շուրջ 20 հրթիռ է արձակվել Սիրիայում տեղակայված իրանական ուժերի կողմից: Իսրայելը պատասխան հարվածել է իրանցիների կրակային դիրքերին և այլ թիրախների: 

Իսրայելական կողմի պնդմամբ՝ Գոլանի բարձունքների հրթիռակոծման ժամանակ ոչ ոք չի տուժել: Պատասխան հարվածը հասցվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիրքերի ուղղությամբ: Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած տեսագրությունում ներկայացված է «Սմերչ» ՀԿՌՀ: Իսրայելի ՊԲ մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկսը Twitter-ի իր էջում քարտեզ է հրապարակել, որտեղ ներկայացված են Սիրիայում իրանական թիրախներին հասցված հարվածները:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը նույն օրը հայտնել է, որ Սիրիայի ՀՕՊ միջոցներով տասնյակ իսրայելական հրթիռներ են խոցվել, սակայն դրանցից որոշները ընկել են ՀՕՊ միջոցների վրա, ռադարի վրա և զենք ու զինամթերքի պահեստի վրա: Զոհվածներ և տուժածներ չկան:

Նշենք, որ իրանա-իսրայելական հարաբերությունները կտրուկ լարվել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից հետ: Ըստ նրա՝ իսրայելական հետախուզությանը հաջողվել է միջուկային արխիվի փաստաթղթեր դուրս բերել Իրանից: Փաստաթղթերը իբրև թե ապացուցում են, որ Իրանը շարունակում է գաղտնի միջուկային ծրագիրը: Դրանից հետո, մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից և տնտեսական նոր պատժամիջոցներ է հայտարարելու Իրանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *