ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Թուրքիային կոչ է անում վերացնել «արտակարգ դրությունը»

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ընտրությունների նախաշեմին վերացնել «արտակարգ դրությունը»: Ալ-Հուսեյնը չի պատկերացնում, թե նման մթնոլորտում ինչպես կարելի է գնալ վստահություն վայելող ընտրությունների: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

«Բարդ է պատկերացնել որքանով վստահություն վայելող ընտրություններ կարող են անցկացվել մի միջավայրում, որտեղ իշխող կուսակցության դեմ անհամաձայն/առարկող կարծիքը և մարտահրավերները այդքան խիստ պատժվում են», — նշել է Մարդու իրավուքնների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:

Մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Թուրքիայի իշխանություններին քննադատել էր կամայական հեռացումների, զանգվածային ձերբակալությունների և այլ չարաշահումների համար:

Թուրքիայում «արտակարգ դրություն» սահմանվել է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո և երկարաձգվել արդեն 7-րդ անգամ՝ հերթական երեք ամսով: «Արտակարգ դրության» պայմաններում կառավարությունն ընդունում է «օրենքի ուժ ունեցող որոշումներ», որոնք ենթակա չեն բողոքարկման: Այս պայմաններում նախընտրական քարոզարշավում իշխանությունների, մասնավորապես նախագահ Էրդողանի հասցեին քննադատությունների համար կարող են անգամ ձերբակալվել:

Թուրքիայում նույն օրը՝ հունիսի 24-ին, պետք է միաժամանակ անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Իշխող կուսակցության և ազգայնականների թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *