Ամեն ինչ անելու եմ, որ ՊՆ նոր թիմը արդեն ներդրված ծրագրերը հաջողի․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու է, որ նոր նախարարը և նրա թիմը, անկախ քաղաքական հայացքներից, հաջողությամբ իրականացնեն իր պաշտոնավարման ընթացքում ներդրված ծրագրերը։

Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարեց քիչ առաջ՝ մայիսի 9-ին անցկացված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ռազմինֆոյի թղթակցի հարցին:

«Ծրագրերը, կարծում եմ և հուսով եմ, կշարունակվեն։ Դրանք փոքր երկրում մեծ բանակ ունենալու հետևանքով ավելի ստեղծագործ մոտեցման արդյունք են։ Դրանք վերկուսակցական ծրագրեր են։

Մենք այժմ ՊՆ անձնակազմով անում ենք մի վարժություն, որը երբևէ չի արվել։ Մենք պատրաստում ենք մոտ տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի և թիմի համար։

Մնում եմ այն կարծիքին, որ պատերազմող երկրում հասարակությունը ունի կոնսենսուս և դա պետք է ծառայի հայրենիքին»։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ որևէ բան իրեն չի կարող հետ պահել իր պարտականությունները կատարելուց, մինչև չի հայտարարվել, թե ով է ստանձնելու դրանք: Վիգեն Սարգսյանն ավելացրեց, որ անհնար է տեսնում շարունակել իր աշխատանքն այս պաշտոնում և լիազորությունները վայր կդնի նոր նախարարի նշանակումից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *