2018-ի փետրվարի 13-ին Ռուսաստանի քաղաքացի Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևը քողարկված փորձել է մտնել Հայաստան։ Նախնական տվյալներով՝ «նա հավաքագրման և վարձատրության դիմաց» 2015 թվականի մայիս ամսից Սիրիայում ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից մասնակցել է զինված ընդհարումների։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ավտանգության կայքը։
Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։
Մասնավորապես, ԱԱԾ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի տարածք։
Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ դեռևս տարեսկզբից նկատվել է միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ, ուժեղացվել է սահմանային հսկողությունը։