Ապրիլի 27-ին Անկարայի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել երկրի ժանդարմերիայի ևս 32 գործող զինծառայողի: Նրանք կասկածվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»: Նրանցից 18-ն արդեն ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Կասկածյալներից 12-ը մայոր է, իսկ 20-ը՝ կապիտան: Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները շարունակում են մնացած կասկածյալներին հայտնաբերելու գործողությունները:
Նույն օրը թուրքական ոստիկանությունը «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալել է Թուրքիայի զինուժի ևս 6 սպայի և ենթասպայի:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:
Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:
Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում: