2018-ի մարտին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը կասեցրել է «Իսլամական պետության» «քնած բջիջի» (խմբավորման անդամներ, ովքեր պասիվ դիրք են գրավում՝ սպասելով գործողությունների: Դա կարող է նույնիսկ տարիներ տևել) 4 անդամի գործունեությունը։ Այս մասին հայտնում է դաշնային անվտանգության ծառայության կայքը։
Զինյալները ժամանել են Նովի Ուրենգո քաղաքից և պլանավորել մի շարք ռեզոնանսային (հնչեղ) ահաբեկչություններ անել Մոսկվայի շրջանի տարածքում։ Ահաբեկիչները կորդինացվել են Սիրիայից «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով։
Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 20 մարդ, հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ծայրահեղական-կրոնական ուղղվածության գրականություն, ԻՊ գործունեությունը քարոզող տեսանյութեր, կապի միջոցներ։
Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանում արգելափակվեց «Տելեգրամ» հավելվածը։