Այսօր՝ ապրիլի 18-ին, պատասխանելով Ռազմինֆոյի լրագրողի հարցին, Ռուսաստանյան Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (ЦАМТО) տնօրեն Իգոր Կորոտչենկոն նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը կարող են և պետք է զարգացնեն համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի գիտական պոտենցիալը:
Ռուս փորձագետը հատուկ ուշադրություն հրավիրեց հայկական պոտենցիալի գործնական ներդրմանը և հայ-ռուսական գիտատեխնիկական կապերի ավելի սերտացմանը.
«Հայաստանը շատ ուժեղ պոտենցիալ ունի, որը չի կորել անգամ Խորհրդային Միության կործանումից հետո, մաթեմատիկակական մոդելավորման, համապատասխան ծրագրային ապահովման նախագծման ոլորտներում և այլն: Անհրաժեշտ է փնտրել գործնական համագործակցության ձևեր: Ես կարող եմ ասել մի քանի ոլորտ, որտեղ պահանջված կլինեին այնպիսի մշակումներ, որոնք կան Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվական գործողությունների տեխնոլոգիաների ոլորտներում»:
Անդրադառնալով համագործակցության գործնական կողմին՝ Իգոր Կորոտչենկոն նշեց Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի սերտ գիտատեխնիկական կապերի անհրաժեշտությունը, հայտարարելով, որ դրա համար պետք է լինի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հանձնարարականը:
«Առաջին հերթին դա զանազան հայկական գիտական կոլեկտիվների՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մշակման ոլորտում մասնակցությունն է: Սա այսօրվա կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս պարագայում մենք կարող էինք, միգուցե համատեղ ընկերության շրջանակներում, կամ ռուսաստանյան խոշոր հոլդինգների կողմից հաշվիչ-վերահսկող մեքենաների, մաթեմատիկական մոդելավորման մեջ մասնագիտացված այս կամ այն ընկերություններում բաժնետոմսերի փաթեթների գնման շրջանակներում՝ ինտեգրելով հենց գերճշգրիտ զենքի, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինֆորմացիան տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա պոտենցիալը»:
Ռուս փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց այսօր սահմանների պաշտպանության գործում կարևորագույն խնդիրներից մեկի՝ ռադիոէլեկտրոնային և տեխնիկական հետախուզության վրա.
«Պետք է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչպիսի ռադիոէլեկտրոնային միջոցներ են բացազատվել մեր սահմանների մոտ: Այստեղ կարող են լինել մեր համագործակցության զանազան տարբերակներ, այդ թվում այն պոտենցիալը, որը կա Հայաստանում: Հայաստանի ԶՈւ գեներալակազմը լավ է հասկանում այս խնդիրը [ռադիոէլեկտրոնային պայքարի՝ խմբ.] և ակտիվորեն լուծում է հարցերը, որպեսզի Երևանը սպառիչ տեղեկություն ունենա տեխնիկական և էլեկտրոնային հետախուզության միջոցով, տեղեկություն այն մասին, ինչ է կատարվում Հայաստանի շուրջ», — Նշեց Կորոտչենկոն՝ պատասխանելով Ռազմինֆոյի լրագրողի հարցին: