Հրթիռակոծվել է Սիրիայի T-4 ավիաբազան. սիրիական զինուժը կորուստներ է կրել

Ապրիլի 9-ին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծության։ Տեղեկությունը հաստատել է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Սիրիայի պետական լրատվական գործակալությունը, սակայն, չի հայտնել, թե ով է եղել հարվածի աղբյուրը։ Շրջանառվող հավանական տարբերակները երկուսն էին՝ ԱՄՆ-ն կամ Իսրայելը։ ԱՄՆ-ն հերքել է հարվածներին իր ներգրավվածությունը, իսկ Իսրայելի բանակը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Ինչպես փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հարվածները իրականացրել է Իսրայելը։ Ըստ դրա՝ Լիբանանի տարածքից Սիրիա է մտել Իսրայելի ՌՕՈւ 2 միավոր F-15 և 8 հրթիռ արձակել բազայի ուղղությամբ։ Հրթիռներից 3-ը հասել են բազային, իսկ 5-ը որսացել էր Սիրիայի ՀՕՊ-ը։

Հատկանշական է, որ այստեղ հակասություն է առաջանում Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության և ՌԴ ՊՆ հայտարարություններում, քանի որ սիրիական աղբյուրը հայտնել էր, որ երկրի ՀՕՊ-ը որսացել է 8 հրթիռ և ընդունել կորուստներ ունենալու փաստը։

Նշենք նաև, որ փետրվարին ևս Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքում։ Ըստ Իսրայելի բանակի՝ իրենք թիրախավորել էին ԱԹՍ-ների ղեկավարման իրանական օբյեկտ։ Իսրայելի բանակը չէր հայտնել, թե Սիրիայի որ մասում է հարվածներ հասցրել, սակայն կարծիքներ կան, որ փետրվարյան հարվածները եղել են կրկին հենց T-4 ավիաբազայի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *