Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Ապրիլի 2-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հերթական անգամ հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Օդային գործողությունը մասնավորապես իրականացվել է Իրաքի Զափ և Հաքուրք շրջաններում: Ըստ թուրքական կողմի՝ «հարվածներից ոչնչացվել է քրդական կառույցի 9 թիրախ»:

Ապրիլի 1-ին Թուրքիայի օդուժը հարվածել էր քուրդ զինյալների դիրքերին Հաքուրք և Քանդիլ շրջաններում: Նշենք, որ այս գործողությունները պարբերական բնույթ են կրում և վերջին մի քանի ամիսներին վերածվել են գրեթե ամենօրյա բնույթ կրող գործողության:

Բացի այդ, վերջին շրջանում պաշտոնական Անկարան պարբերաբար հայտարարում է, որ Սիրիայում գործողություններն ավարտելուց հետո իրենք Իրաքում ևս ցամաքային խոշոր գործողություն կսկսեն PKK-ի դեմ:

Թուրքիայի օդուժի թիրախում են Իրաքի հյուսիսային՝ լեռնային շրջանները, քանի որ այնտեղ են տեղակայված քրդական կառույցի հիմնական ճամբարներն ու բազաները:

Թուրքիայի ուժայինների միևնույն ժամանակ շարունակում են PKK-ի դեմ գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում: Թուրք-քրդական բախումներում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Ներկայում Թուրքիան նաև գործողություն է իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ, որին համարում է PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույց»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *