Ապրիլի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:
Ըստ աղբուրի՝ Իրաքի Հաքուրք և Քանդիլ շրջաններում հարվածներից արդյունքում ոչնչացվել է քրդական կառույցի 8 թիրախ:
Թուրքիայի ուժային կառույցները շարունակում են քրդերի դեմ գործողությունները ինչպես երկրի տարածքում՝ այնպես էլ դրանից դուրս՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքական օդուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին հենց Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են գտնվում քուրդ զինյալների հիմնական բազաներն ու ճամբարները:
Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ, որոնց համարում են PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույց»:
Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների դեմ 2015-ի սկսված գործողություններում ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, ինչպես նաև ոստիկանության հատուկ ջոկատները, «գյուղական պահապանները», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են: