ArmHiTeC-2018 ցուցահանդեսին KBX կոնստրուկտոր բյուրոն ցուցադրում է 4 անօդաչու թռչող սարք, որից երեքը՝ մահապարտ: Անօդաչու թռչող սարքերը մեզ ներկայացրել է ԱԹՍ-ների ինժեներ Արմեն Միքայելյանը:
- Այս մահապարտ անօդաչու սարքի մարտագլխիկը խորհրդային արտադրության ՌՊԳ-ի նռնակ է: Անօդաչուն օդում կարող է մնալ 3 ժամ, ղեկավարման կետից մինչև 40 կմ շառավիղով կարող է կառավարվել: Երբ արդեն ընտրվում է թիրախը, որը պետք է խոցի, այլևս օպերատորն անելիք չի ունենում, այն ավտոնում ռեժիմով գնում և ինքնուրույն պայթում է թիրախի վրա:
Անօդաչուն թռիչքային փորձարկումների փուլում է, թիրախի վրա դեռ չի պայթեցվել: Նախատեսված է մեկ թռիչքի համար, հնարավոր չէ առաջադրանքը չեղարկել և հետ վերադարձնել սարքը:
- Ընկերությունը ներկայացրել է նաև մեկ այլ անօդաչու, որը թռչում է արագ, հակառակորդի ռադարների համար տեսանելի չէ: Նախագծողները հայտնեցին, որ պլանավորում են հեռահարությունը մինչև 300կմ-ի հասցնել: Շարժիչը ռեակտիվ է. նախագծման և պատրաստման փուլերն անցել է, հնարավոր է մյուս ամսվանից արդեն թռիչքային փորձարկումներ անցնի:
Սա նույնպես նախատեսված է մեկ թռիչքի համար, հնարավոր չէ առաջադրանքը չեղարկել և հետ վերադարձնել սարքը:
- Սա էլ հետախուզական և միաժամանակ կամիկաձե ԱԹՍ է, նախատեսված է հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և անձնակազմի ոչնչացման համար: Ինժեները չցանկացավ հայտնել զորքերում կիրառվում է, թե ոչ, սակայն նշեց, որ փորձարկումներն անցած է, գտնվում է ավելի բարձր փուլում քան մյուս ԱԹՍ-ները:
- Հետախուզական անօդաչուի թռիչքային տևողությունը ժամուկես է, փորձարկումների փուլում է: