Մարտի 25-ին Թուրքիայի զինուժը Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին հարվածել է անօդաչու թռչող սարքերով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հարվածները մասնավորապես հասցվել են Իրաքի Հաֆթանին շրջանում, «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ: PKK-ի դեմ գործողությունը ղեկավարում է Թուրքիայի ցամաքային զորքերի 23-րդ հետևակային բրիգադի հրամանատարությունը:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները PKK-ի դեմ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի գավառներում:
Քուրդ զինյալների դեմ գործողություններում Թուրքիայի ուժայինները հիմնականում կիրառում են տեղական արտադրության «Բայրաքթար» և «Անքա» ԱԹՍ-ները, ընդ որում ինչպես հետախուզական, այնպես էլ դրանց հարվածային տարբերակները:
Իրաքի հյուսիսում են տեղակայված քրդական կառույցի հիմնական ճամբարներն ու բազաները: Թուրքիայի զինուժի գործողությունները Իրաքում պարբերական բնույթ են կրում: Թուրքիայի օդուժը PKK-ի ճամբարներին հարվածում է նաև F-16 կործանիչներից:
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Սիրիայում քրդական ուժերի դեմ գործողությունները ավարտելուց հետո Իրաքում PKK-ի դեմ ցամաքային գործողություն են սկսելու: Անկարան նույնիսկ պնդում է, որ այդ հարցում համաձայնություն են եկել Իրաքի իշխանությունների հետ: