Թուրքիայում և Սիրիայում թուրք-քրդական բախումների վիճակագրություն. Թուրքիայի ԶՈւ ԳՇ (Մարտի 17-23)

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է 49 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 228 զինծառայող:Հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Ըստ աղբյուրի՝ վիրավորվածներից 157-ը արդեն ապաքինվել են և վերադարձել են իրենց ծառայությանը: Աֆրինում թուրքական կողմից կռվում են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց կորուստների մասին տվյալները հստակ չեն:

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները Աֆրինում

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է, որ մարտի 17-23-ը Թուրքիայի տարածքում և Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 10-ը: Թուրքիայում գործողությունները հիմնականում իրականացվել են Դիարբեքիր, Շրնաք, Բիթլիս, Բինգյոլ նահանգներում:

Սրան զուգահեռ, Թուրքիայի զինուժը շարունակում է այսպես կոչված «դիտարկման կետեր» ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում: Հերթական «դիտարկման կետը» Իդլիբում սկսվել է ստեղծվել մարտի 17-ից:

Նշենք, որ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ուժայինները և Անկարային աջակցող զինյալները քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել դեռևս հունվարի 20-ից: Մարտի 18-ին թուրքական կողմը գրավել է Աֆրին քաղաքի կենտրոնը, օրեր առաջ էլ հայտարարություններ տարածվեցին, որ Աֆրինում ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել թուրք ուժայինները:

Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույցներ»: Անկարան հայտարարում է, որ գործողությունները միայն Աֆրինով չեն սահմանափակվելու, այլ շարժվելու են նաև այն տարածքներ, որտեղ տեղակայված են քրդական YPG-ի ուժերը:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *