Թուրքիան միայն Մանբիջով էլ չի սահմանափակվի. Նպատակը Սիրիայի քրդերի բոլոր տարածքներն են. Թուրքիայի ԱԳՆ

Այսօր՝ մարտի 21-ին, Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը Սիրիայի Մանբիջն է, սակայն դրանով չեն սահմանափակվի. կշարունակեն ռազմագործողությունները քրդերի վերահսկած բոլոր տարածքներում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք Մանբիջից հետո այլ քաղաքներ էլ կմտնեն: Չավուշօղլուն նշում է, թե իրենք «պետք է Սիրիան մաքրեն քրդական YPG-ից»:

Էրդողանն իր հերթին նշել է, որ Սիրիայում գրաված տարածքներում դպրոցները, հիվանդանոցները վերցնում են իրենց վերահսկողության տակ: Նման բան դիտարկվել է նաև նախկինում Սիրիայում Թուրքիայի գրաված այլ տարածքներում: Կրթությունն այդ տեղերում կազմակերպվում է Անկարային ձեռնտու ծրագրով և ձևով, ինչը, հավանաբար, նպատակ ունի հետագայում ևս այդ տարածքներում Թուրիքային լոյալ տարրեր պահելու:

Էրդողանն իր խոսքում նաև կրկին մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին զինելու համար՝ նշելով, որ դա կարող է օգտագործվել Թուրքիայի կամ Իրանի դեմ:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը դաշնակցում է Մանբիջում և Մանբիջից արևելք տեղակայված քրդական ուժերի հետ՝ նրանց օգտագործելով նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Թուրքիայի արտգործնախարարն այս խնդիրների շուրջ քննարկումների համար պետք է հանդիպեր ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, սակայն ԱՄՆ նախագահը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից: Այժմ պարզ չէ, թե կողմերն ինչպես համաձայնության կհասնեն, քանի որ միայն Մանբիջում մեծ թվով ամերիկացի զինծառայողներ կան:

Հիշեցենք, որ 2018 թ. հունվարի 20-ից սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում Թուրքիան արդեն իսկ վերահսկողություն է հաստատել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի հիմնական մասում, այդ թվում՝ կենտրոնական քաղաքում:

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Թուրքական ուժերն Աֆրինի կենտրոնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *