Ֆրանսիան կոշտ է արձագանքում Աֆրինում Թուրքիայի գործողություններին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիյանը հայտարարել է, որ Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները «արդարացված չեն»: Ըստ Reuters գործակալության՝ սա Ֆրանսիայի կողմից այս հարցով երբևէ եղած ամենակոշտ հայտարարությունն էր: 

Reuters-ը հիշեցնում է, որ Թուրքիան և Ֆրանսիան նատօյական դաշնակից երկրներ են:

«Չնայած սահմանի անվտանգության վերաբերյալ մտավախությունները օրինական են … միևնույն ժամանակ …. պետք է ասվի, որ դա ամենևին չի արդադացնում թուրքական զորքերի «խորը ներխուժումը» Աֆրինի շրջան», — հայտարարել է Ժան Իվ լը Դրիյանը:

Ըստ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիայի գործողությունները նաև թուլացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Աֆրինում տեղակայված քրդական ուժերը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի մաս են, որն ԱՄՆ աջակցությամբ պայքարում է ԻՊ դեմ: Սակայն շուրջ մեկ շաբաթ առաջ քրդական ուժերը հայտնել էին, որ Դեր Զորի հատվածում դադարեցնում են ԻՊ դեմ պայքարը, զորքերի մի մասը հետ են քաշում՝ դրանք Աֆրին ուղարկելու համար: Այսինքն այս մասով Ֆրանիսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

Հավելենք, որ Թուրքիայի գործողությունների դեմ Ֆրանսիան առաջին անգամ չէ, որ խոսում է: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան ևս պետք է հարգի ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ Սիրիայում ժամանակավոր հրադադարի հաստատման բանաձևը: Սակայն թուրքական կողմը հերքեց, որ նման հայտարարություն է եղել և հայտարարեց, որ չեն դադարեցնի:

Հավելենք, որ նմանապես Թուրքիային ՄԱԿ-ի բանաձև հարգելու կոչ էր արել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ավելացնենք, որ Թուրքիան հունվարի 20-ից զորքեր է մտցրել Սիրիայի Աֆրին, որը քրդական ուժերն էին վերահսկում: Թուրքիան նաև օգտագործում է իրեն հավատարիմ սիրիացիա զինյալների: Վերջին շաբաթվա ընթացքում Անկարան մեծ առաջխաղացում գրանցեց՝ հասնելով Աֆրինի կենտրոնական համանուն քաղաքի շրջափակմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *