Վաշինգտոնն Անկարային կոչ է անում լավ կարդալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումը Սիրիայի հարցով

Փետրվարի 27-ին ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերտը (Heather Nauert) Թուրքիային կոչ է արել մեկ անգամ ևս կարդալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը՝ բացահայտ կերպով ակնարկելով, որ Անկարան պետք է դադարեցնի գործողություններն Աֆրինում մեկ ամսով: Թուրքիան հրաժարվում է հետևել բանաձևին:

Պետքարտուղարության խոսնակը նման հայտարարություն կատարել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ Թուրքիան հրադադար չի հաստատում և շարունակում է գործողությունները Սիրիայի քրդերի դեմ, արդյոք խոսնակը դա համարում է Թուրքիայի կողմից ՄԱԿ-իբանաձևի խախտում:

Խոսնակը, ի պատասխան հարցի, Թուրքիային կոչ է արել հետ գնալ և կարդալ բանաձևը: Նա նշում է, որ բոլոր կողմերը համաձայնել են անմիջապես հումանիտար հրադադար հաստատել, այդ թվում նաև՝ Թուրքիան: Հրադադարը չի տարածվում միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա, ինչպե սնաև «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող խմբերի, «Ալ-Նուսրայի Ճակատի» և մոյւս ահաբեկչական խմբերի վրա, որոնք հստակ թվարկված են: Այդ ցուցակում քրդերը չկան, ըստ այդմ՝ Թուրքիան ևս պետք է հրադադար հաստատեր:

Ի պատասխան այս հայտարարության՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը Պետքարտուղարության խոսնակին մեղադրել է ՄԱԿ-ի բանաձևը խեղաթյուրելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին «կոչ արել ահաբեկիչներին օգնելու փոխարեն հետևել, որ Սիրիայի ռեժիմը անմեղ մարդկանց չսպանի»: Այսպիսով Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իրենք բանաձևը չեն կատարի և կշարունակեն ռազմագործողությունն Աֆրինում:

Աֆրինը Թուրքիայի ռմբակոծություն-հրետակոծություններից հետո

Աֆրինը Թուրքիայի ռմբակոծություն-հրետակոծություններից հետո. (արխիվ)

Թուրքիան ԱՖրինի շուրջ լուրջ հակասություններ ունի նաև Ֆրանսիայի հետ: Փետրվարի 26-ին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահական տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Էմանուել Մակրոնը Էրդողանին ասել է, թե հրադադարը պետք է ներառի Սիրիայի բոլոր շրջանները, այդ թվում նաև՝ Աֆրինը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսյոյը նշում է, որ Մակրոնը Աֆրինի վերաբերյալ նման հայտարարություն չի արել:

Այսպիսով Թուրքիան հրաժարվում է Աֆրինի շուրջ ցանկացած բանակցություններից, քննարկումներից, հրաժարվում է հետևել նաև ՄԱԿ-ի բանաձևերին՝ բացահայտ հայտարարելով, որ իրենք գործողությունները կշարունակեն այնքան, որքան իրենց պետք լինի ու իրենց ձեռնտու պայմաններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *