Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում լուրջ բախումներ են ընթանում երկու խոշոր խմբավորում-դաշինքների միջև: «Հայաթ Թահրիր աշ-Շամը» (ՀԹՇ) և «Ջաբհաթ Թահրիր Սուրիան» (ՋԹՍ) պայքարում են սիրիական նահանգում վերահսկողությունը վերցնելու համար:
Փետրվարի 27-ին Լիբանանում գործող Al Masdar News կայքը հայտնել էր, որ բախումների արդյունքում «Ջաբհաթ Թահրիր Սուրիան» կարողացել է ՀԹՇ-ից գրավել Իդլիբի կարևորագույն բազաներից մեկիը՝ «Թաֆթանազ» ավիաբազան:
Այս պարտությունից հետո ՀԹՇ-ի զինյալները նահանջել են մի շարք վայրերից՝ երեք քաղաք թողնելով մրցակից խմբավորմանը:
Telegram սոցիալական ցանցում սիրիական հակամարտության վերաբերյալ գրող directorate4 ալիքն իր հերթին հայտնում է, որ ՀԹՇ-ն ուժերի մի մասը Իդլիբի կենտրոնից ուղարկում է Սարմին քաղաք: Շարասյան կազմում կան նաև Տ-55, Տ-72 տանկեր, Ս-60 զենիթային հրանոթներ: Սակայն կառույցը ոչ թե զիջում է քաղաքը, այլ օգնական ուժեր է ուղարկում մյուս ճակատներ:
Օրերես նույն Directorate4-ը և Lenta.ru-ն հրապարակել էին Իդլիբի խմբավորումների պատկերը ցույց տվող վերլուծություն: Այդտեղից պարզ երևում է, որ Սիրիայի այդ նահանգում այժմ բավականին տարբեր խմբավորումներ կան, որոնց շարքերում անընդհատ վերակազմավորումներ են լինում:
Նույնպիսի խմբավորումներ են նաև «Հայաթ Թահրիր աշ-Շամը» (ՀԹՇ) և «Ջաբհաթ Թահրիր Սուրիան» (ՋԹՍ): Երկուսն էլ հիմնականում մի քանի խոշոր խմբավորումների միավորում են՝ ժամանակավոր դաշինք:
ՀԹՇ-ն մինչ այս Իդլիբի խոշորագույն խմբավորումն էր: Այն կազմավորվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հիմքի վրա՝ ժամանակի ընթացքում իր շարքերը ներառելով նաև այլ խմբերի:
ՋԹՍ-ն իր մեջ նույնպես մի քանի խմբավորում է ներառում, որոնցից գլխավորները երկուսն են՝ «Ահրար աշ-Շամ» և «Նուր ադ-Դին Զինկի»: «Ահրար աշ-Շամը» և «Ջաբհաթ ալ-Նուսրան» Իդլիբում գերիշխանության համար արդեն մի քանի տարիէ ինչ պայքարում են: «Նուր ադ-Դին Զինկի»-ն ժամանակին եղել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մաս: Այս խմբավորումը, ըստ տարբեր տվյալների», ներկայում էլ Թուրքիայի հովանու ներքո կռվում է նաև Աֆրինում՝ քրդական ուժերի դեմ:
Ավելացնենք, որ Աստանայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ձեռքբերած համաձայնությամբ Իդլիբի շրջանի վերահսկողությունը պետք է Թուրքիան իրականացնի: Անկարան արդեն իսկ 6 բազա է հիմնել Սիրիայի այդ նահանգում՝ որպեսզի «հետևի հրադադարի պահպանմանը»: Չենք կարող բացառել, որ Թուրքիան իրեն հավատարիմ խմբավորումների միջոցով փորձում է նահանգում լիակատար վերահսկողություն հաստատել: