Փետրվարի 25-ին Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, պրոֆեսիոնալ սերժանտ Շյուքրու Ունլյուն: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մարտիկները Աֆրինում նռնականետով կրակել են թուրք ուժայինների վրա, ինչի արդյունքում էլ զինծառայողը սպանվել է:
Մինչև Աֆրինի գործողություններին ներգրավվելը պրոֆեսիոնալ սերժանտը ծառայել է Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարությանը ենթակա հատուկ նշանակության («կոմանդոսների») 3-րդ բրիգադում:
Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ շաբաթական ամփոփման մեջ նշվում է, որ փետրվարի 23-ի դրությամբ թուրքական կողմը Աֆրինում ունեցել է 32 զինծառայողի կորուստ և 183 վիրավոր: Եվս երկու զինծառայողի կորուստ հայտնի է դարձել բաց աղբյուրներից: Այսինքն ընդհանուր առմամբ, թուրքական կողմը տվել է առնվազն 35 զինծառայողի կորուստ:
Շաբաթական ամփոփման մեջ նաև նշված է, որ փետրվարի 17-23-ը Թուրքիայի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի, դեմ գործողություններում սպանվել է 3 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է:
Աֆրինում քրդերի դեմ գործողությունները սկսել է հունվարի 20-ից: Դատելով գործողությունների ընթացքից թուրքական կողմը բավականին դանդաղ է առաջ շարժվում՝ միևնույն ժամանակ տալով թե՛ մարդկային, թե՛ նյութական բազմաթիվ կորուստներ: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց կորուստների մասին տվյալները հստակ չեն: