Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի հրադադարի կոչը, բայց չի դադարեցնի Աֆրինի գործողությունը

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր Սիրիայում հումանիտար օգնության նպատակով 30 օր հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձև: Թուրքիան «ողջունում է» ՄԱԿ-ի ԱԽ կոչը, սակայն գործողությունները չի դադարեցնի:  Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրենք կշարունակեն Սիրիայի Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը:

Փոխարենը թուրքական կողմն իրեն իրավունք է վերապահում «կոչ անել», որ ռազմական գործողությունները դադարեցվեն Արևելյան Գուտայում:

Արևելյան Գուտան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի խոշոր արվարձաններից է: Այն ներկայում վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: Դատելով առկա տեղեկություններից՝ ո՛չ Սիրիայի բանակը, ո՛չ էլ զինյալները չեն պատրաստվում հրադադար հաստատել:

Արևմտյան մամուլը պնդում է, թե «Սիրիայի ռեժիմը Արևելյան Գուտայում սպանում է ապստամբների, խաղաղ բնակիչների»: Սիրիայի կառավարությունը, կառավարամետ խաղացողները իրենց հերթին նշում են, որ գործողություններն ուղղված են ահաբեկիչ-զինյալների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *