Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարարությունը,
Հունաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել է նախարարություն: Հունական կողմը մեղադրում է Թուրքիային վտանգավոր քայլի գնալու, սադրանքի դիմելու և Էգեյան ծովում վիճակը էսկալացնելու համար:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանևրեր է արել Էգեյան ծովում:
Բացի այս, թուրքական մամուլում սկսել են ակտվիորեն շրջանառվել տեղեկություններ, թե հունական կողմը խախտում է նաև Թուրքիայի օդային սահմանները: Ըստ թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքի՝ Հունաստանի ԶՈւ ԳՇ պետ Եվանգելոս Ապոստոլակիսը փետրվարի 14-ին ինքնաթիռով թռիչք է իրականացրել Քարդաք կղզու վրայով, և հունական 2 ինքնաթիռ խախտել են Թուրքիայի օդային սահմանները:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է:
Քարդաք/Իմիա և հարակից կղզիների հարցում Թուրքիան և Հունաստանը մշտապես ունեցել են անհամաձայնություններ ու նման միջադեպերը գրեթե մշտական բույթ են կրում:
1932 թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչ օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին:
Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թ., երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Սակայն իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից: