Փետրվարի 10-ին Facebook սոցիալական ցանցում մի շարք ադրբեջանցի օգտատերեր, ինչպես նաև ադրբեջանական էջերից մեկը հայտնել են, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուն (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu):
Ադրբեջանի ՊՆ-ն, կամ որևէ այլ պաշտոնական աղբյուր, լրատվամիջոց, առայժմ այս միջադեպին չեն անդրադարձել: Հայտնի չէ նաև, թե զինծառայողը կոնկրետ երբ է մահացել:
Ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ Մեհդիևը մահացել է էպիլեպսիայից: Նույն աղբյուրները նշում են, որ նա բարձրագույն կրթություն ուներ և 5 ամիս հետո պետք է զորացրվեր: Եթե այս տվյալները ստույգ են, ապա, քանի որ Ադրբեջանում բարձրագույն կրթություն ունեցողները ծառայում են 12 ամիս, ստացվում է, որ Մեհդիևն առնվազն 7 ամիս ծառայել էր «էպիլեպսիայով» և շարունակում էր չնայած դրան ծառայել: Եթե բարձրագույն կրթություն չուներ, ապա նման հիվանդությամբ «առանց զգացնել տալու» ծառայել էր առնվազն 13 ամիս:
Մահացած զինծառայողն Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջլի գյուղից էր:
Հավելենք, որ տարվա սկզբից բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 6 մահացած զինծառայողի ինքնություն, այդ թվում առնվազն 3-ը մարտական կորուստներ են: Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է միայն երեքի մահան փաստը, այն էլ՝ նրանց մասին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկության տարածումից հետո: