Twitter սոցիալական ցանցում Սիրիայի քուրդ օգտատերերից մեկը, ով զբաղվում է նաև սիրիական հակամարտության լուսաբանմամբ, հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները 50 բեռնատարով զենքի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հյուսիս:
Today
The arrival of a #US arms convoy from 50 trucks to #rojava North of #Syria
Arin Sheikhmos pic.twitter.com/FkqoojwQPG— Mustafa Abdi (@mustefaebdi) February 12, 2018
Ըստ այս հրապարակման՝ զենքի նոր խմբաքանակը Սիրիա է հասել փետրվարի 12-ից 13 անցնող գիշերային ժամերին:
Նկատենք, սակայն, որ տեսանյութից հնարավոր չէ եզրակացնել, թե այդ ինչ շարասյուն է, և եթե անգամ ամերիկյան է, ինչպես պնդում են, արդյո՞ք զենք է տեղափոխում, թե մեկ այլ բան: Առայժմ սա հաստատող որևէ այլ աղբյուր չկա, սակայն չկան նաև հերքող աղբյուրներ:
Նշենք, որ հատկապես 2017 թ. ընթացքում Միացյալ Նահանգները մի քանի անգամ մեծ խմբաքանակներով զենք-զինամթերք է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը (SDF): Այս կառույցը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում ԱՄՆ հիմնական ցամաքային դաշնակիցն է:
Ըստ որում, հատկանշական է, որ կառույցի հիմնական ուժը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են (YPG), որոնց Թուրքիան համարում է «ահաբեկչական կառույց» և այժմ էլ նրանց դեմ գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում:
Հավելենք, որ ԱՄՆ-ն տարեկան բավականին խոշոր գումարներ է տրամադրում Սիրիայում իր դաշնակիցներին: 2019 թ. համար այդ ուժերին նախատեսվում է տրամադրել ընդհանուր 550 մլն դոլար: