Սոչիում հստակեցրել են Սիրիայի սահմանադրության մշակման հանձնաժողովի հարցը

Հունվարի 30-ին Սոչիում անցկացվել է «Սիրիայի ազգային երկխոսության» կոնգրեսը: Մասնակցել են Սիրիայի կառավարության, որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պատվիրակների հետ որոշել են, թե ինչպես է կազմվելու Սիրիայի ապագա սահմանադրությունը: 

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրան հայտնել է, որ թեև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որպես երաշխավոր երկրներ որոշել են 50-ական թեկնածու առաջարկել ապագա հանձնաժողովի համար, սակայն ինքը կընտրի ընդամենը 45-50-ին:

Սոչիում «Սիրիայի ազգային երկխոսության» կոնգրեսի մասնակիցներ. 31.01.2018

Սոչիում «Սիրիայի ազգային երկխոսության» կոնգրեսի մասնակիցներ. 31.01.2018

Ըստ որում, դատելով Դե Միստուրայի հայտարարությունից, ինքը պարտադրված չէ ընտրություն կատարել նշված երկրների ներկայացրած մարդկանց միջև: ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կարող է ավելացնել մարդկանց, ովքեր անգամ Սոչիի կոնգրեսին չեն մասնակցել:

Ըստ պայմանավորվածության՝ Սիրիայի տարբեր քաղաքական, գուցե նաև ազգային շերտերը ներկայացնող անձանցից կազմված խումբը պետք է հստակեցնի, թե ինչպիսին, կամ ինչ շրջանակներում պետք է լինի Սիրիայի ապագա սահմանադրությունը:

Ծրագիրը կֆինանսավորվի ՄԱԿ-ի հատուկ բանագնացի գրասենյակին հատկացվելիք միջոցներից:

Հիշեցնենք, որ Սիրիայի նոր սահմանադրության հարցն առաջ էր քաշել Ռուսաստանը՝ Աստանայի բանակցությունների շրջանակներում: ՌԴ-ն առաջարկում էր դաշնային պետության ձևրավորում, որի կազմում որոշակի ինքնավարություն պետք է ունենային նաև քրդերը: Սակայն դրան դեմ էր Թուրքիան: Թուրքիայի գործուն միջամտությամբ քրդերը չմասնակցեցին նաև Սոչիի կոնգրեսին: Սա այս պահին առկա հիմնական խնդիրներից մեկն է:

Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ թեև Աստանայի բանակցությունները, Սոչիի կոնգրեսը որոշակի իրավիճակային լուծումներ առաջարկում են, սակայն դրանք այս պահին չեն կարող ավելի հեռանկարային և աշխատող լինել՝ առնվազն ելնելով հետևյալ պատճառներից՝

  • Աստանայի բանակցություններում ուղղակիորեն ներգրավված չէ ԱՄՆ-ն, որն այսօր Սիրիայում ունի իր բազաները և զինուժը,
  • Ներգրավված չեն ԱՄՆ հետ համագործակցող քրդական ուժերը, ովքեր վերահսկում են Սիրիայի տարածքի շուրջ 1/3-ը,
  • Սիրիայում դեռևս կան ահաբեկչական ուժեր, որոնք առհասարակ որևէ բանակցային հարթակում չեն կարող ներկա լինել, սակայն փաստացի կարող են խանգարել ցանկացած պայմանավորվածության իրագործման,
  • Սիրիայում ռազմական ներկայություն ունեցող հիմնական 4 երկրներից յուրաքանչյուրը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և ԱՄՆ-ն, փորձում են լայնացնել իրենց ազդեցության գոտիները և առայժմ պարզ չէ, թե ինչպես կարող է ձևավորվել միասնական պետություն՝ հնարավորինս «չեզոք ազդեցությամբ, որը պետք է փորձի կառավարել նշված պետությունների ազդեցության գոտում գտնվող ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *