Սպորտի բնագավառում պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի կառավարության որոշմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարության ներկայացմամբ: Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:
Տարկետում կստանան հետևյալ ձեռբերումներ ունեցողները.
- օլիմպիական մարզաձևերի աշխարհի/Եվրոպայի
առաջնություններում (մեծահասակների/երիտասարդների/պատանիների)/օլիմպիական խաղերում/եվրոպական խաղերում/ պատանեկան օլիմպիական խաղերում/համաշխարհային
ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ, - շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ: Թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,
- ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո մարզաձևերի աշխարհի/Եվրոպայի մեծահասակների/երիտասարդների առաջնությունում/եվրոպական խաղերում/ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ,
- ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկներ, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ,
- օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած և Հայաստանի դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:
Տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացին մեկ անգամ էլ է կարող ստանալ տարկետում:
Տարկետում ստանալու համար քաղաքացին, սպորտի բնագավառում թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նշենք, որ կայքը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նախագծի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ, տեղեկանալ ներկայացված առաջարկների ընդունման կամ մերժման մասին, մասնակցել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:
One response to “Հրապարակվել են մարզիկների տարկետում ստանալու չափանիշները. նախագիծ”