Հրապարակվել է գիտնականներին տարկետում տրամադրելու կարգը. նախագիծ

ՀՀ կառավարությունը ձևավորում է հանձնաժողով, որը եզրակացնելու է, թե գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որ քաղաքացիներն են պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալու: Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Այսպիսով՝ քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրվում է  կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա: Հանձնաժողովը ԿԳ նախարարին կից խորհրդակցական մարմին է, իսկ  դրա եզրակացությունները՝ խորհրդատվական:

Կառավարությունը գերակա ոլորտներ է ճանաչում, որի շրջանակներում գործունեություն իրականացնող քաղաքացին կարող է տարկետում ստանալ: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորներով՝ առավելագույնը 100 բալային միավոր: 80 միավոր հավաքած քաղաքացիները կստանան տարկետում:

Առավել բարձ միավորներ նախատեսվում են արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Ձեռքբերումների համար հիմք են՝

  • տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ),
  • գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ),
  • բուհում միջին որակական գնահատականը,
  • հանձնաժողովի հետ հարցազրույցը:

Տարկետում տրվում է ուսումնառության ժամկետով: Ուսումը դադարեցնելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետումը և զորակոչվում:

Տարկետման ժամկետի ավարտից հետո գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացին կարող է ևս մեկ անգամ տարկետում ստանալ:

Տարկետման իրավունքից օգտվել ցանկացողները պետք է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնեն հանձնաժողովին:

Հանձնաժողովը նիստեր է անկացնում ամիսը առնվազն մեկ անգամ: Եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:

Նշենք, որ կայքը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նախագծի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ, տեղեկանալ ներկայացված առաջարկների ընդունման կամ մերժման մասին, մասնակցել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *