Հունիսի 7-ին Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր մի շարք լրատվամիջոցների այլցելություն Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի N զորամաս և դիրքեր։
Մինչև շրջայցը նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց զորամասի հրամանատարությանը, օրվա պլանը, շեշտեց այցի կարևորությունը։
Դրանից հետո լրագրողներին հնարավորություն տրվեց տեսնել, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ինչ են ուտում, որտեղ են քնում և զինվորական ինչպիսի պատրաստություն են անցնում։
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը մանրամասն ներկայացրեց զորամասի կառուցվածքը, որից հետո հատուկ նախարարի և լրագրողների համար հետախույզ զինվորները ցուցադրեցին մարտական իրավիճակում կրակային պատրաստություն, կոտրեցին Ադրբեջանի ԶՈւ գրությամբ վառվող կղմինդրներ։
Գեղեցիկ անակնկալ էր, երբ հետախույզները վարժությունը կատարելուց հետո լրատվամիջոցների գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, այդ թվում Ռազմինֆոյի լրագրողին, նվիրեցին իրենց խնամած վարդերից։
Լրագրողներին ցույց տրվեց նաև վերջերս Նոյեմբերյանի N զորամասում սպանության դեպքի վայրը, դրանից տվյալներ ներկայացրեց գնդապետ Վահագն Ասատրյանը։
Այնուհետև զորամասի զորավարժարանում ներկայացվեց հակառակորդի հավանական հարձակման համար մշակված սցենարներից մեկով զորավարժություն։
Սեյրան Օհանյանը հենց դիրքերում ծանոթացավ զինվորների պատրաստությանը, հատուկ կետից անձամբ դիտարկեց հակառակորդի դիրքերը, շարժը, լրացուցիչ հրահանգներ տվեց հրամանատարական կազմին։
Օրն ամփոփվեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարարը պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին, անդրադարձավ վերջին աղմկահարույց դեպքերին՝ սպանություններ բանակում, ռազմական ինստիտուտում, հակառակորդի դիվերսիա, նստացույց անող ազատամարտիկներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքով կարծիք հայտնեց նաև բանակային թեմաներով լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ։
Սեյրան Օհանյանը խոստացավ, որ ՊՆ-ն այսպիսի այցեր նորից կկազմակերպի արդեն սահմանի այլ հատվածներում։
Այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում կազմակերպվելու է սեմինար-քննարկումներ` բանակային թեմաների լուսաբանման վերաբերյալ։