Երեկ՝ հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է մի քանի օր առաջ ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայող, Հրազդան քաղաքի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Shamshyan.com կայքը հայտնել էր, որ հունվարի 2-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Սարիբեկյանը մահացել է մի քանի օր հոսպիտալում մնալուց հետո՝ ավտովթարում ստացած ծանր վնասվածքներից։