«Հետախույզի գիշերը» Եռաբլուրում

Տարիներ է, ինչ դեկտեմբերի 30-ի կեսգիշերին հետախույզ Վաղինակ Զաքարյանի մարտական ընկերները հավաքվում են Եռաբլուրում և հարգանքի տուրք մատուցում իրենց ջոկատից մարտում ընկած առաջին հետախույզին։

«Հետախույզի գիշեր»․ այսպես են նրանք անվանում այս ավանդույթը։

Վաղինակ Զաքարյանը ծնվել է 1967 թվականի հենց դեկտեմբերի 31-ին, զոհվել 1990-ի նոյեմբերի 21-ին Բերդաձորում։ Մարմնին եղել է 72 անցք

Վաղինակ Զաքարյանը ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 31-ին, զոհվել 1990-ի նոյեմբերի 21-ին՝ Բերդաձորում։

Կեսգիշերն անց է, Եռաբլուրը՝ մարդաշատ, տարբեր գերեզմանաքարերի մոտ հավաքված մարդիկ զրուցում են ննջողների հրամանատար կամ զինվոր կերպարերի մասին։ Չնայած անձևրին մարդկանց հոսքը Եռաբլուր չի դադարում։

«Ողջ մնալու արվեստ» ՀԿ-ի միջոցառումն սկսում է տարբեր տարիներին վիրավորված հետախույզների պարգևատրմամբ։

Անվտանգության նկատառումներով հետախույզների դեմքը չի ցուցադրվում

Պարգևատրման արարողությունից հետո անձրևը մեղմանում է, բայց չի դադարում։ «Մետեո Թի-Վի»-ի հիմնադիր Վախթանգ Հարությունյանը, Դավիթ Ամալյանը և այլ երաժիշտներ վերցնում են իրենց գործիքները և Եռաբլուրում թևածում են քաջ մարտիկների մասին պատմող հնչյունները։

Վաղինակի մարտական ընկերը՝ Վովա Վարդանովը, պատմում է միջոցառման ակունքների մասին․ «Սովետական զորամասում, որտեղ ես ծառայում էի, մենք մի քիչ սնահավատ էինք, թվերին էինք ուշադրություն դարձնում, չգիտեմ, աստղերին, դատարկ դույլով կանանց, տարբեր, սև կատու ևն։

Երբ Վաղինակը զոհվեց ամսի 21-ն էր, ինքը՝ 22 տարեկան։ 23-ը լրանում էր դեկտեմբերի 31-ին՝ իր քառասունքի օրը։ Էսպես գնաց ու գնաց էլի։ Սկզբից եկանք քառասունքին՝ գիշերով, որովհետև ցերեկով չէինք կարող, ցերեկը Վայոց ձորի ուղղության վրա էինք։

Մինչև հասանք էստեղ՝ մութ էր, գիշեր: Գիշերը նստեցինք Վաղոյի գերեզմանի մոտ, էսպես մյուս տարի էլ, ու գնաց, կամաց-կամաց Վաղոյի ծնունդից առաջացավ «հետախույզի գիշերի» գաղափարը»։

Վաղինակը, պատմում է նախկին հետախույզը, Բերդաձորում էր՝ գնացել էր ինժեներական աշխատանքներ անելու, բայց ստիպված էր եղել դիրքին օգնության գնալու Հինշեն․ «թուրքերի գյուղերի կողմից ռուսական կարմիր գլխարկաներն էին բարձրանում»։ Գնացին օգնության, ընկան ծուղակը, դիմադրեցին երկար․

«Որ երկար են դիմադրել, դրան ցուցանիշ է նաև էն, որ  երբ ընկերոջս հետ մորգում մարմինը ուսումնասիրում էինք, հաշվեցինք 72 անցք կար իր վրա ու իր ձեռքերը խաչած էր դոշին ու զենքը դրած էր կողքը։ Փաստորեն էդ ռուսաթուրքական ստորաբաժանումը, ոչնչացնելով երկու հայ տղային, հարգանք էին իրենց մատուցել՝ ուղղելով զենքերը՝ խաչելով կրծքին՝ զենքը դնելով կողքին»։

«Շատ կարճ մարտական ուղի էր ցավոք, շուտ ընկավ մարտում»,– ամփոփում է Վարդանովը։ Երբեմնի ու գործող հետախույզները շարժվում են իրենց մարտական ընկերոջ գերեզմանի մոտ՝ «մի կտոր հաց թրջելու»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *