Razm.info-ն առանձնացրել է 2017 թ. ընթացքում Ադրբեջանի կարևորագույն ռազմական իրադարձությունները: Ավարտվող տարում Ադրբեջանը շարունակեց սպառազինություն գնել, այդ թվում Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում հայտնվեց նաև չեխական արտադրության զենք: Տարին այդքան էլ արդյունավետ չստացվեց Ադրբեջանի՝ ԱԹՍ-ների իսրայելական խոշորագույն գործընկերոջ համար: Այս և այլ թեմաներին ավելի մանրամասն անդրադառնում ենք ստորև:
«Լրտեսների գործը»
Մայիսին Ադրբեջանի Տերտերի շրջանում սկսվեցին «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի շարք գործող և նախկին զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց ձերբակալություններ և հետաքննություն: Ձերբակալվածների թվի մասին պաշտոնական հայտարարություններ չեղան, իսկ տարբեր խոսակցություններում դրանք տատանվում էին 40-ից մինչև 400:
Բաց աղբյուրներից հայտնի դարձավ 9 դեպքի մասին: Այդ թվում առնվազն 8 ձերբակալվածի նկատմամբ փաստացի կիրառվել էին արտադատարանական մահապատիժներ, ընդ որում որոշ դեպքերում բերում էին խոշտանգված դիակներ, թաղում ընտանիքից թաքուն, ճնշումներ էին գործադրում ընտանիքների վրա՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացում:
Արդեն հուլիսին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնեց լրտեսական նոր 6 հոգանոց խմբի ձերբակալության մասին, որոնց դեպքում հայտնեցին նաև անուններ: Հետագայում, սակայն, խմբի ճակատագրի մասին պաշտոնական տեղեկություններ չհրապարակվեցին:
«Բուլղարացի հաքերներ»
Հունիսին «Անոնիմուս Բուլղարիա» հաքերային խումբը հրապարակեց Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության մեծ թվով փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունները բացահայտեցին Սիրիայում ահաբեկիչներին զինելու գործում Ադրբեջանի ներգրավվածությունը:
Փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրություն կատարեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան՝ բացահայտելով զենքի տեղափոխման համար դիվանագիտական հովանու ներքո ադրբեջանական SilkWay ավիաուղիների և Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռների թռիչքները: Հրապարակումներից հետո բուլղարացի լրագրողը հեռացվեց աշխատանքից: Այդ թեմայով «Ռազմինֆոն» զրուցեց նաև Դիլյանա Գայտանջիևայի հետ:
Փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունից մենք նաև կարողացանք պարզել, որ Ադրբեջանը բացի ինքնաթիռներով զենքի տեղափոխությունից հանդիսացել է նաև զենք-զինամթերք ուղարկող և գործարքին ներգրավված է եղել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «ՋԻՀԱԶ» արտադրական միությունը:
ԱԹՍ-ների պարկի համալարում. Բաքուն «կրակը գցեց» խոշորագույն գործընկերոջը
Ադրբեջանի անդօաչու թռչող սարքերին մանրամասն կանդրադառնանք 2018 թ. հունվարին տպագրման նախատեսված հոդվածների ժողովածուում: Ժողավածուն ընդգրկում է նաև Ադրբեջանի վերաբերյալ տարբեր այլ հոդվածներ:
2017 թ. ընթացքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական պարկը համալրվել է իսրայելական արտադրության ևս մի քանի անօդաչու թռչող սարքերով: Խոսքը մասնավորապես IAI ընկերության արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև Elbit Systems ընկերության արտադրության Hermes-900 հետախուզական անդօաչուների մասին է: Ըստ որում երկրորդը տրամադրվել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը և նկատվել վերջինիս ծովային զորավարժության ընթացքում:
ԱԹՍ-ների ոլորտւմ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը 2017 թ. այդքան էլ հարթ չստացվեց: Այս ոլորտում Ադրբեջանի խոշորագույն գործընկերը՝ իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը՝ հենց Բաքվի պատճառով հայտնվեց ֆինանսական ծանր դրության մեջ: Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում:
Զորավարժություններ
2017 թ. ընթացքում Ադրբեջանի զինուժն անցկացրել է շուրջ 2 տասնյակ զորավարժություն, այդ թվում՝ 3 խոշոր զորավարժություն միայն Թուրքիայի հետ, ինչպես նաև ևս մեկ զորավարժություն Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ: Ավարտվող տարում Ադրբեջանի ԶՈւ զորավարժություներին կարող եք ծանոթանալ ստորև՝
Սպառազինության համալրում
2017 թ. Ադրբեջանում ցուցադրվեցին չեխական արտադրության ինքնագնաց հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս միջադեպը դեռևս բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Սեպտեմբերի 18-ին՝ զորավարժությունների ընթացքում, ցուցադրվեցին չեխական «Դանա» ինքնագնաց հրետանային միջոցներ և RM-70/85 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Չեխական իշխանությունները հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես են զենքերը հասել Ադրբեջան: Նույնը հոկտեմբերի 4-ին Երևանում վերահաստատեց նաև Չեխիայի Սենատի նախագահը: Տեխնիկայի Ադրբեջանում հայտնվելը մեծ իրարանցում առաջացրեց, ինչի արդյունքում Չեխիայում հատուկ հետաքննություն սկսեցին:
2017 թ. ընթացքում Ադրբեջանը շարունակեց զինտեխնիկա և համապատսխան զինամթերք ստանալ նաև Ռուսաստանից: Այսպես՝
Ապրիլի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ Ռուսաստանից ստացել են ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ: Հրապարակված լուսանկարներից և տեսանյութից պարզ դարձավ, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է:
Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Ենթադրաբար, դատելով հրապարկված տեսանյութից, խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ։
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ ցուցադրած տեսանյութից և կից հրապարկված տեքսից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ստացել են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ: Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում էր առնվազն 400 միավոր նման հրթիռ: Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետները (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Հերթական անգամ հետաձգվեց Ռուսաստանից ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների հերթական խմբաքանակի մատակարարումը: 2010 թ. կնքված պայմանագրով Ադրբեջանին պետք է մատակարարվեր առնվազն 91 միավոր ԲՄՊ-3: Մեքենաները նախատեսվում էր մատակարարել մինչև 2016 թ.: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ մատակարարումը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով: 2017 թ. օգոստոսի դրությամբ որպես մատակարարման նախատեսվող հերթական վերջնաժամկետ նշվում էր 2018 թվականը:
Դեռևս ամեն բան հստակ չէ նաև Տ-90Ս տանկերի խմբաքանակի ամբողջական մատակարարման հարցում: Որոշ աղբյուրներ նշում են, որ այն ավարտվել է, որոշ աղբյուրներից էլ հետևում է, որ Ադրբեջանին ավելի շատ է մատակարարվել՝ քան պայմանագրով նախատեսված էր: Այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ:
Օրենսդրական փոփոխությունններ
2017 թվականին շարունակվեցին ընդունվեցին 2016 թ. փոփոխված սահմանադրության նոր կետերին համապատասխանեցվելու համար մշակված մի շարք օրենքներ և հրամանագրեր: Այդ թվում հատկապես հատկանշական էր «Զինված ուժերի» մասին օրենքը:
Այսպիսով՝ 2017 թ. դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի խորհրդարանում ընդունվեց ԶՈւ մասին նոր օրենքը, որով «Զինված ուժեր» հասկացության տակ միավորվեցին Ադրբեջանի բոլոր ուժային կառույցները: Նախկինում այդ հասկացության տակ ներառվում էր միայն բանակը:
Ըստ նոր օրենքի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսուհետ ոչ թե միայն բանակի, այլ բոլոր զինված կառույցների, այն է՝ «Զինված ուժերի» գերագույն գլխավոր հրամանատարն է: Նախկինում այս հարցը շատ ավելի բարդ ու ոչ այդքան հստակ օրենսդրական դրույթներով էր կարգավորվում: Ըստ որում օրենքում որևէ խոսք չկա բանակի նկատմամբ խորհրդարանի վերահսկողության մասին: Արդեն թերևս հաջորդ՝ 2018 վականին, պետք է ընդունվեն առանձին կառույցներին վերաբերող օրենքներ:
Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում:
Հավելենք, որ 2017 թ. փոփոխություներ կատարվեցին նաև Ադրբեջանի երկրորդ խոշոր զինված կառույցի՝ պետական սահմանապահ ծառայության կառուցվածքում: Այս թեմային մանրամասն անդրադարձել ենք արդեն իսկ 2018 թ. սկզբին տպագրման նախապատրաստվող Ժողովածուի համապատասխան հոդվածում:
Նյութը կազմել են՝
Հայկ Խաչիկյան
Տարոն Հովհաննիսյան