ՀՀ ԱԱԾ տնօրենը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԱԾ կայքը։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:

ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպելու են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ մինչ այդ՝ նիստի ընթացքում ՌԴ ԱԴԾ ղեկավարը ներկայացրել է նախագահի ուղերձը: Ուղերձում Պուտինը ընդգծել է, որ ԱՊՀ երկրներին վտանգ է սպառնում Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելիք ահաբեկիչներից:

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը:

Ավելի ուշ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *