Ռուսները Սիրիայից մասամբ դուրս են բերում զորքերը, Թուրքիան կրկին սպառնում է քրդերի դեմ պատերազմով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայից ռուսաստանյան զորքերի դուրսբերումից հետո Աֆրինում գործողություններ սկսելու հարցին, հայտարարել է, որ Թուրքիայի համար սպառնալիքի դեպքում պատրաստ են գործողություններ իրականացնել։ Չավուշօղլուն կրկին սպառնացել է, որ «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»։ Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

«Աֆրին կամ այլ տարածք մտնելու, կամ էլ մեզ համար սպառնալիք ստեղծող ահաբեկիչների դեմ պայքարի համար, էական չի, թե այնտեղ կա ինչ-որ մեկը, թե ոչ։ Կարևոր հարցն այն է, թե արդյոք մեզ սպառնալիք է, թե ոչ։ Աֆրինից Թուրքիային ուղղված սպառնալիքներ և հարձակումներ կան։ Մենք այնտեղ կմտնենք երբ ցանկանանք, երբ տեխնիկական պլանավորումներ անենք․․․ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ», – հայտարարել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նաև նշել է, որ եթե սպառնալիքի լինի նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունից, Թուրքիայի թիրախում «կհայտնվի նաև Ասադի ռեժիմը»։

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողներ Աֆրինում

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողներ Աֆրինում

Թուրքիայի ԱԳ նախարարը փաստացիորեն հայտարարել է, որ Աֆրինում գործողություն սկսելու համար այլ պետություններից թույլտվություն չեն վերցնելու։ Նշենք, որ Աֆրինում առկա են ոչ մեծաթիվ ռուսական ռազմական ոստիկանների ուժեր:

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Աստանայում առաջիկայում անցկացվելիք բանակցությունները և այլ հարցեր։

Թուրքիան Աֆրինը վերահսկող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև YPG-ն համարում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ճյուղ, և «ահաբեկչական կառույցներ»։ Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ գործողություններ կսկսեն Սիրիայի քրդական ուժերի դեմ։

Դեպքերի ընթացը ցույց է տալիս, որ, որքան էլ Թուրքիայի իշխանությունները պնդեն, թե իրենք կարող են ցանկացած պահին անել այն, ինչ նպատակահարմար կգտնեն, այնուամենայնիվ ստիպված են հաշվի նստել մի շարք այլ պետությունների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք ակտիվ ներգրավված են սիրիական հիմնախնդրում և այս խաղացողներից և ոչ մեկի համար ցանկալի չէ Թուրքիայի դերի էլ ավելի բարձրացում Սիրիայում և մերձավորարևելյան տարածաշրջանում։

Մյուս կողմից էլ Սիրիայի քրդական ուժերին ռազմական և ֆինանասական աջակցություն է տալիս Միացյալ Նահանգները։ Սա բացասաբար է ընդունվում Թուրքիայի կողմից։ Չնայած, ԱՄՆ-ն հայտարարում է, որ դադարեցնելու է աջակցությունը, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կգնա քրդերի դեմ գործողությունների՝ առանց համաձայնեցնելու այն ԱՄՆ-ի հետ, քանի որ դա կնշանակի փաստացի առճակատում իր դաշնակցի հետ։

Նշենք, որ ներկայում Թուրքիան իր ռազմական ներկայությունը փորձում է ամրապնդել Սիրիայի հյուսիսում։ Թուրքիայի վերահսկողության ներքո է Ջերաբլուս-Ազեզ հատվածը, որը թուրքական զորքերը գրավել են «Եփրատի վահան» գործողության ընթացքում՝ 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ժամանակահատվածում։ Բացի այդ, Թուրքիան այս տարվա հոկտեմբերից զորքեր է մտցրել սիրիական Իդլիբ նահանգ։

Թեմայի հետ կապված կարող եք ընթերցել նաև այս հոդվածը՝

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության. 01.12.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *