Դատարանը բացառել է մահապատիժը 16 աֆղանցու գնդակահարած ԱՄՆ սերժանտի համար

Associated Press լրատվական գործակալությունը հայտնում է, որ ռազմական դատարանն ընդունել է 16 աֆղան խաղաղ բնակչի գնդակահարած, ԱՄՆ ԶՈւ սերժանտ Ռոբերտ Բեյլսի խոստովանական ցուցմունքը։

Ըստ նույն աղբյուրի՝ դատարանը բացառել է մահապատիժը՝ որպես հնարավոր պատժի միջոց։ Բեյլսին հաջողվել է խուսափել մահապատժից հենց խոստովանական ցուցմունքի շնորհիվ՝ չնայած որ մեղադրող կողմը դեմ էր դրան։

Ընթացիկ տարվա օգոստոսին երդվյալ ատենակալների հատուկ կոլեգիան քննարկելու է՝ արդյոք սերժանտն իրավունք կունենա ցմահ ազատազրկման ժամանակ համաներման խնդրանքով դիմելու դատարանին։

ԱՄՆ ԶՈՒ սերժանտ Ռոբերտ Բեյլս

ԱՄՆ ԶՈՒ սերժանտ Ռոբերտ Բեյլս

Հիշեցնենք, որ զանգվածային սպանության դեպքը տեղի է ունեցել 2012-ի մարտի 11-ին Աֆղանստանի հարավային Քանդագար շրջանի Փանջավի գավառում։

Բեյլսը, ըստ հետաքննության տվյալների, դուրս է եկել իր ռազմաբազայից, ուղևորվել դեպի մոտակա գյուղը, ապա ներխուժելով բնակելի տներ՝ սկսել է գնդակահարել քնած բնակիչներին, այդ թվում՝ հղի կնոջն ու 9 երեխայի։ Այնուհետև ամերիկացի սերժանտը վերադարձել է բազա, որոշ ժամանակ անց կրկին դուրս եկել՝ համանման սպանություն իրականացնելով մեկ այլ մերձակա գյուղում։ Երկրորդ սպանությունից հետո, երբ Բեյլսը վերադարձել է զորամաս, նրան ձերբակալել են ԱՄՆ զինվորները։

Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, զոհերի ընտանիքները նյութական փոխհատուցում են ստացել ԱՄՆ ԶՈՒ-ից՝ չնայած որ Պենտագոնը սովորաբար դրամական օգնություն չի ցուցաբերում մարտական գործողությունների ժամանակ տուժածներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *