Դեկտեմբերի 5-ից սկսած Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի վարչական կենտրոն՝ Բիթլիս քաղաքում և հարակից 8 գյուղում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ արգելքը հայտարարվել է, քանի որ Թուրքիայի ուժայինները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ են իրականացնում:
Թուրք ուժայինները շարունակում են քրդերի դեմ գործողությունները նաև Հաքքարի, Շրնաք, Մուշ, Թունջելի և այլ նահանգներում:
Բացի Թուրքիայի տարածքից, թուրքական օդուժը նա հարվածում է քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսայի շրջաններում:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: 2 տարուց ավել շարունակվող բախումներում թուրքական կողմին չի հաջողվել ճնշել քուրդ զինյալների պայքարը: Բախումների նոր փուլը առավել ակտիվ է եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ժամանակահատվածում, երբ PKK-ի զինյալներ ավելի ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս:
Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ինչպես թուրքական բանակի, այնպես էլ ժանդարմերիայի, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: