Կիպրոսը և Իսրայելը տարվա ընթացքում 3-րդ խոշոր զորավարժությունն են անում

Դեկտեմբերի 3-7-ին Կիպրոսի տարածքում անցկացվում է Իսրայելի և Կիպրոսի զինված ուժերի հերթական զորավարժությունը: Հիմնական վարժանքներն անցկացվում են կիպրական ավիաբազայի տարածքում: Որոշ փուլեր անցկացվում են նաև ցամաքային զորքերի ներգրավմամբ՝ այլ զորավարժարաններում: Այս մասին հայտնում է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:

Վարժանքներին ներգրավվել են երկու երկրների զինված ուժերի ռազմաօդային և ցամաքային ստորաբաժանումներ, զինտեխնիկա:

Իսրայելի և Կիպրոսի համատեղ զորավարժությունից. (արխիվ)

Իսրայելի և Կիպրոսի համատեղ զորավարժությունից. (արխիվ)

Հունիսին Իսրայելը և Կիպրոսն անցկացրել էին հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություն՝ նույնպես Կիպրոսի տարածքում: Իսրայելից ներգրավվել էին 500 հատուկ ջոկատային, հարվածային ուղղաթիռներ, կործանիչներ:

Մարտին անցկացված եռօրյա զորավարժության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը ստուգել էին Կիպրոսի հակաօդային պաշտպանության մարտունակությունը:

Ըստ իսրայելական The Jerusalem Post պարբերականի՝ կողմերը առաջին անգամ 2014 թ. են որոշել անցկացնել համատեղ զորավարժություններ: Իսրայելը համատեղ վարժանքներ անցկացնում է նաև Հունաստանի հետ: Կիպրոսի և Հունաստանի հետ նման մակարդակի համագործակցություն Իսրայելը սկսել է 2009 թվականից:

Հավելենք, որ նույն տարում Դավոսի համաժողովում Թուրքիայի այն ժամանակի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հանդիպումից պարզ դարձավ, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ճգնաժամային փուլում են:

Մեկ տարի անց՝ 2010 թ. մայիսին,  Անկարայի և Թել-Ավիվի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ իսրայելցի զինվորականները կրակեցին Գազայի հատված օգնություն հասցնող թուրքական նավի վրա: Նշվում էր, որ թուրքական նավի անձնակազմը չէր ենթարկվել Իսրայելի զինվորականների՝ կանգնելու հրամանին. սպանվել էր Թուրքիայի 9 քաղաքացի: Պատահական չէ, որ իրադարձությունների նման զարգացմանը զուգահեռ Իսրայելը սերտացրեց հարաբերություները Հունաստանի և Կիպրոսի հետ:

Ներկայում Կիպրոսը բաժանված է երկու հատվածի՝ օրինական հունական կառավարությունը և թուրքական ինքնահռչակ պետությունը: Թուրքիան Կիպրոսի մի հատվածը բռնազավթել է 1974 թ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *