Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Էրզինջան նահանգում ռազմական հեղաշրջման փորձի դատավարության շրջանակներում դատախազը 15 նախկին զինվորականի, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայված 3-րդ բանակի օպերատիվ վարչության շտաբի պետի և ժանդարմերիայի հրամանատարի համար ծանրացված ցմահ ազատազրկում է պահանջել։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Զինծառայողները մեղադրվում են Թուրքիայի «սահմանադրական կարգը խախտելու», «Թուրքիայի խորհրդարանը ցրելու կամ պարտականությունների կատարմանը խանգարելու փորձի», «Թուրքիայի կառավարությունը ցրելու կամ պարտականությունների կատարմանը խանգարելու փորձի» համար։ Այս հոդվածներով դատախազը պահանջել է 3 ցմահ ազատազրկում։ Եվս մեկ՝ «զինված ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքի համար պահանջվում է հավելյալ 10-15 տարի ազատազրկում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, թուրքական դատախազությունը ծանրացված ցմահ ազատազրկում էր պահանջել հեղաշրջման փորձի ժամանակ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանը գրավել ցանկացող և այդ գործով ձերբակալված 28 մարդու նկատմամբ։
Նոյեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարը տվյալներ էր ներկայացրել ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված և ընդունված զինծառայողների վերաբերյալ.
Հեռացված | Ընդունված | |
Գեներալ | 150 | — |
Սպա | 4630 | 1537 |
Ենթասպա | 2168 | 4036 |
Պրոֆ. շարք., պայմ. | 1211 | 8816 |
Քաղաքացիական | 411 | — |
Ընդհանուր | 8570 | 14389 |
Ինչպես տեսնում ենք, թեև, դատելով զուտ պաշտոնական տվյալներից, քանակով ավելի շատ մարդ է ընդունվել քան հեռացվել, բայց որակական հարաբերակցությամբ թուրքական զինուժը խիստ տուժել է: Հեռացված սպաների մեծ մասի տեղն առայժմ չի հաջողվել լրացնել, փոխարենը ընդունել են պատրաստության համար ավելի քիչ ռեսուրսներ և ժամանակ պահանջող պայմանագրայինների: