Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցելու միջդիրքային գոտում գտնված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես» գործակալությանը:
Նշենք, որ դեռևս ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն իր պատրաստակամությունն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Նոյեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր ՀՀ ԶՈւ զինծառայողները միջդիրքային գոտում ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտնաբերել:
Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր տեղեկությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Նախիջևանի Օրդուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 53 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: