Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է մահացած զինծառայողի մասին ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա զորամասում գործած ռազմական հանցագործությունից հետո փախուստի էր դիմել:

Ադրբեջանական գերատեսչության տրամադրած տվյալների համաձայն՝ Բահրուզ Ջալիբեյլին (ծնված 27.11.1998թ.) ժամկետային զինծառայության էր զորակոչվել 2017 թ. հունվարի 5-ին:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում տրված զինծառայողի անունը համապատասխանում է սեպտեմբերի վերջին գրանցված դեպքի տվյալներին: Այդ ժամանակ նշվում էր, որ Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուն սպանել է իր 3 համածառայակցին և փախուստի դիմել:

Նկատենք, որ այն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները ոչինչ չէին հայտնել Նախիջևանում 3 սպանված զինծառայողի մասին, իսկ հիմա անուղղակի կերպով հաստատվում է:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ տարածած հաղորագրությունում նշվում էր, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները միջդիրքային գոտում ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտնաբերել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *