Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ թուրք զինծառայողը ընկել է բարձրությունից և մահացել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Մահացած զինծառայողը պայմանագրային շարքային Յուսուֆ Դեմիրյուրեքն է: Զինծառայողները քուրդ զինյալներին հայտնաբերելու և «չեզոքացնելու» գործողություններ են իրականացրել, երբ տեղի է ունեցել միջադեպը:
Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում զինված ուժերում աճում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը:
Հաքքարի նահանգը անմիջապես սահմանակից է Իրաքին և թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրք ուժայինները այս նահանգում պարբերաբար «անվտանգության հատուկ գոտի են» հայտարարում, ռազմական գործողություններ են իրականացնում քրդերի դեմ:
Թուրքիայի տարածքում PKK-ի զինյալների և թուրք ուժայինների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից և 2 տարուց ավել է շարունակվում են՝ երկուստեք մարդկային և նյութական կորուստներով: