Իրանի Կասպյան նավատորմը շուտով կհամալրվի նոր հրթիռային նավով

Իրանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմը իրանական օրացույցով ազար ամսվա (նոյեմբերի 22 ” դեկտեմբերի 21) կեսերին կհամալրվի նոր «Սեփար» հրթիռային նավով։ Այս մասին հայտարարել է Իրանի Կասպյան նավատորմի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղերին։ Նոյեմբերի 25-ին փոխանցում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Բաղերիի խոսքերով՝ Կասպյան նավատորմը կհամալրվի նաև վերանորոգված ռազմանավով։

Իրանի Կասպյան նավատորմի «Դամավանդ» ռազմանավը

Իրանի Կասպյան նավատորմի «Դամավանդ» ռազմանավը

Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել էր, որ Իրանի ՌԾՈւ-ն «Սեփար» հրթիռային նավով կհամալրվի «մոտ օրերս»։

«Սեփար» հրթիռային նավով Կասպյան նավատորմի համալրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2017-ի ապրիլին։

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մեծ մասը տեղակայված է երկրի հարավային ռազմածովային բազաներում, մասնավորապես Պարսից ծոցի պաշտպանությունն ապահովելու համար:

Ավելի փոքրաթիվ Կասպյան նավատորմը տեղակայված է Բանդար Անզալի նավահանգստում, որտեղից վերջին տարիների ընթացքում իրանական ռազմանավերը մի քանի բարեկամական այցելություններով մեկնել են Ադրբեջանի, Ռուսաստանի,  Ղազախստանի նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *