Սիրիայի քրդերը Ժնևում բանակցություններին չեն մասնակցելու

Սիրիայի քրդերը հրավեր չեն ստացել Ժնևում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար և հետևաբար չեն մասնակցելու: Այս մասին հայտնել է Մոսկվայում Սիրիայի քրդերի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք հերթական անգամ հրավեր չենք ստացել, մեզանից ոչ ոք բանակցություններին չի մասնակցելու: Դա Թուրքիայի ազդեցության և դիրքորոշման հետևանքն է, Թուրքիան դեմ է բանակցություններին քրդերի ներկայությանը», – նշվում է աղբյուրում:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Նշենք, որ սիրիական հարցով բանակցությունների երկու հարթակ է ստեղծվել՝ Աստանայի և Ժնևյան: Ժնևում բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը, նախատեսված է անցկացնել նոյեմբերի 28-ին:

Ավելի վաղ բանակցություններին մասնակցելու համար ստեղծվել է սիրիական ընդդիմության 3 հարթակ՝ մոսկովյան, կահիրյան և էր-ռիադական, որոնք պետք է միասնական պատվիրակություն կազմեն և այդ պատվիրակությամբ միանան Ժնևի բանակցություններին:

Ժնևում բանակցությունների վերջին փուլն անցկացվել է այս տարվա փետրվարին: Դրանից հետ բանակցությունները հիմնականում անցկացվել են Աստանայում: Աստանայում կողմերը համաձայնություն են եկել Սիրիայի տարածքում «ապաէսկալացման 4 գոտի ստեղծելու» վերաբերյալ: Աստանայի բանակցությունների, «ապաէսկալացման գոտիների» երաշխավոր երկրներն են համարվում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին, Սոչիում տեղի է ունեցել նաև ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Կողմերը հիմնականում քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար իրականցվելիք քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը և այլ հարցեր:

Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *