Սաուդյան Արաբիան նախատեսում է Թուրքիայից գնել TAI ընկերության արտադրության 6 միավոր MALE տիպի «Անքա» ԱԹՍ: Կողմերը բանակցում են արդեն շուրջ 4 տարի, սակայն վերջնական պայմանագիր չի կնքվել:
Այս մասին հայտնում է մասնագիտացված Defence.news լրատվակայքը:
Նշենք, սակայն, որ հոդվածում չի հստակեցվում, թե խոսքը «Անքա» ԱԹՍ-ի որ տարբերակի մասին է՝ հարվածային և հետախուզական, թե միայն հետախուզական:

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք
ԱԹՍ-ները արտադրող TAI ընկերության մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավարը Defence.news-ին հայտնել է, որ բանակցություններն ընթանում են դեռ 2013 թվականից, և որ սաուդցիները որոշ պահանջներ ունեն հետախուզական հարցերի հետ կապված, ինչի շուրջ էլ բանակցում են: Նա նաև նշել է, որ հնարավոր է Սաուդյան Արաբիային տեխնոլոգիաներ ևս փոխանցեն:
Գործարքին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Սաուդյան Արաբիան փորձում է ԱԹՍ-ների գինն իջեցնել:
ԱԹՍ-ի բազային տարբերակի կառուցման աշխատանքները սկսվել են 2004 թվականից: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին:
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիր.
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²: