Թուրքիայի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի զորքերում կա շուրջ 179 հազար ծառայող: Քրդական PKK-ի դեմ պայքարի համար նախատեսված մեկ այլ կառույցում՝ «գյուղական պահպանների» վաշտերում, կա շուրջ 50 հազար «անվտանգության պահապան»: Այս տեղեկություննեերը նոյեմբերի 15-ին Թուրքիայի խորհրդարանում ներկայացրել է այդ երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:
Ըստ Սոյլուի՝ թուրքական ոստիկանության անձնակազմը ներկայում կազմում է շուրջ 268 հազար, իսկ առափնյա անվտանգության հրամանատարությանը՝ շուրջ 5500:
Ժանդարմերիայում ծառայող 179 հազարի 60 տոկոսը պրոֆեսիոնալ զինծառայողներ, անձնակազմ են: 2018 թ. այդ ցուցանիշը նախատեվում է հասցնել 65 տոկոսի:
Նշենք, որ ժանդարմերիան ըստ էության Թուրքիայի ներքին զորքերն են, որոնց հիմնական գործառույթը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններն են: Բացի այդ, ժանդարմերը հսկում են Թուրքիայի ցամաքային սահմանների մի մասը՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ մինչև 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձը ժանդարմերիան ենթարկվում էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: Հետհուլիսյան փոփոխությունների արդյունքում այն ամբողջությամբ անցավ ՆԳՆ վերահսկողությանը:
Մինչև 2016 թ. հուլիս ամիսը ներառյալ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ներկայացնում էր բանակի, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարության անձնակազմերի թվաքանակը: Ըստ այդ տվյալների՝ նախորդ տարվա հունիսի դրությամբ ժանդարմերիայի անձնակազմը կազմում էր շուրջ 155 հազար զինծառայող և քաղաքացիական աշխատող: Այդ թվում պրոֆեսիոնալ զինծառայողների հարաբերակցությունը հասնում էր 53 տոկոսի:
Հեղաշրջման փորձից հետո ինչպես բանակից, այնպես էլ՝ ժանդարմերիայից բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան, հեռացվել էին: Եթե համեմատենք բոլոր տվյալները՝ ապա մեկ տարվա ընթացքում Թուրքիայում ոչ միայն վերականգնել են ժանդարմերիայի թվաքանակը, այլև՝ շուրջ 25 հազարով գերազանցել նախահուլիսյան ցուցանիշը:
Թուրքիայի «Գյուղական պահապանների» հիմնական գործառույթը ևս PKK-ի դեմ պայքարն է: Այն ստեղծվել է դեռևս 1985 թվականից և համալրվում է քրդաբնակ գյուղերի բնակիչներից: Նրանք պետության կողմից ստանում են զենք, աշխատավարձ և պարտավոր են տեղում ներգրավվել PKK-ի դեմ գործողություններին:
Հավելենք, որ, համաձայն թուրք նախարարի հայտարարության, «գյուղական պահապաններին» այժմ մարզում են նրանցից պրոֆեսիոնալ զինծառայողներ, իսկ այնուհետև՝ նաև կրտսեր սպաներ պատրաստելու համար:
Այսպիսով՝ Թուրքիան պահում է ավելի քան 200 հազարանոց զինված ուժեր՝ միայն քրդական կառույցի դեմ պայքարի համար: Բացի այդ, գործողություններին ներգրավվում են նաև ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, ԶՈւ ստորաբաժանումներ: