Նոյեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերը զրահափոխադրիչների և զրահամեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ: Դրանք տեղակայվելու են Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Video of the new convoy of the Turkish army that entered the north of #Idlib province in the evening. #Syria pic.twitter.com/5winLuwSJh
— Strategic News (@StrategicNews1) November 19, 2017
Ըստ աղբյուրի՝ զինտեխնիկայի նոր խմբաքանակը նախ բերվել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառ, որտեղից էլ փոխադրվել է սիրիական կողմ:
Թուրքիան նախատեսում է Իդլիբի «ոչ բախումային գոտում» ստեղծել 12 դիտորդական կետ, որոնցից դեռևս 2-ն է ստեղծվել:
Թուրքական կողմը պնդում է, որ Իդլիբում զորքերի տեղակայման հարցում Ռուսաստանի, Իրանի հետ համաձայնության են եկել Աստանայի բանակցությունների շրջանակում: Սակայն, սիրիական կողմը պնդում է, որ զորքերի տեղակայումը հակասում է Աստանայի համաձայնություններին և հայտարարում է, որ Թուրքիայի զինուժը օկուպացրել է Սիրիայի տարածքը:
Թուրքիան Իդլիբի տարածք ստորաբաժանումներ է տեղակայել սկսած հոկտեմբերի 8-12-ից: Բացի Իդլիբից, ներկայում Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող ուժերի վերահսկողության ներքո է գտնվում նաև Սիրիայի հյուսիսային մեկ այլ հատված՝ Ջերաբլուսից մինչև Ազեզ: Այս հատվածը Թուրքիայի զինուժը գրավել է 2016-ի օգոստոս – 2017-ի մարտ ամիսներին անցկացված «Եփրատի վահան» գործողության արդյունքում: