Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկելու են Իդլիբում դիտորդների տեղակայման հարցը

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ի հանդիպման ընթացքում նաև քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում և դրա սահմաններից դուրս դիտորդների տեղակայման հարցը: Այդ հարցը առաջիկայում առավել մանրամասն քննարկելու են երեք երկրների ԶՈւ ԳՇ պետերը՝ Սոչիում այդ երկրների նախագահների հանդիպումից ատաջ: 

Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավոիշօղլուն:

«Իհարկե Իդլիբում՝ Իդլիբի ներսում և դրսում, դիտորդների անմիջապես տեղակայման հարցը շատ կարճ քննարկել ենք: Հայտնի է, թե ովքեր են լինելու. Իդլիբի ներսում Թուրքիան է լինելու, դրսում՝ Ռուսաստանն ու Իրանը: Հանդիպումից առաջ [Սոչիում Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի նախագահների հանդիպում – խմբ.՝ Razm.info-ի] ԶՈւ ԳՇ պետերն ու անվտանգության ոլորտի աշխատակիցներն էլ կհանդիպեն և այդ տեխնիկական հարցերը կքննարկեն և դրանց վերաբերյալ կզեկուցեն նախագահների հանդիպմանը», – հայտարարել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտնել է, որ ԶՈւ ԳՇ պետերը քննարկելու են Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում» աշխատանքների մանրամասները: Նա նաև նշել է, որ այս հարցում կողմերը մշտական քննարկման մեջ են և նաև բանակցում են 5-րդ գոտու ստեղծման վերաբերյալ: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ին Անթալիայում անցկացված հանդիպման ընթացքում համաձայնություն են եկել բոլոր կարևոր հարցերում:

«Նախագահներին զեկուցելու ենք մեր գնահատականները այն մասին, թե ինչպես է ընթանում, ինչպես է ամրապնդվում այն գործընթացը, որն անվանվում է Աստանայի գործընթաց և, որը պետք է ստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ժնևյան գործընթացը ձեռք բերի իրական գործիքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևով սահմանված խնդրի լուծման համար», – հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին կհանդիպեն Սոչիում: Կողմերը քննարկելու են Սիրիայում վերջին շրջանում ընթացող գործընթացներն ու զարգացումները:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *