ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը շուտով կհամալրվեն նոր զինատեսակով. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

«Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ… Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա:

«Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով,  հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են  խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,–մասնավորապես նշել է Արթուր Պողոսյանը:

Գնդապետի խոսքով՝ լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ:

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ ունեն նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Շատ շուտով հակաօդային պաշտպանության ՀՀ ԶՈւ զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ:

Հակաօդային պաշտպանության «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար:

2017-ի հունիսին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել էր 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Լուսանկարը՝ «Հայ զինվոր» կայքի

Լուսանկարը՝ «Հայ զինվոր» կայքի

Այնուամենայնիվ, ըստ գնդապետի, զինված ուժերում «Իգլա» համալիրից չեն հրաժարվել: Կհրաժարվեն աստիճանաբար, երբ ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» և «Վերբա» տիպի համալիրներով.

«…Զինատեսակի հետ համատեղ հերթապահություն են  իրականացնում մեր զենիթահրետանային համալիրները, երկրորդ շարակարգում՝ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները, այնուհետև` «Ս-125», «Կուբ» համակարգերը, և վերջապես «Ս-300» զենիթահրթիռային համալիրը: Այսինքն՝ հանրապետության օդային սահմանները վերահսկվում են ըստ բարձրությունների և ըստ հեռավորությունների շարակարգված ՀՕՊ համակարգերով»,–հայտնել է գնդապետ Պողոսյանը:

Նշենք, որ դեռևս 2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *