Իսրայելում ընթանում է ՌՕՈւ խոշորագույն «Կապույտ դրոշ» բազմազգ զորավարժությունը

Իսրայելի ռազմաօդային ուժերն անցկացնում են մինչ օրս ամենախոշոր ՌՕՈւ զորավարժությունը՝ «Կապույտ դրոշ ” 2017»: Իսրայելից բացի վարժանքներին ներգրավվել է ևս 7 երկիր:

Զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին և տևելու է 2 շաբաթ: Ըստ Իսրայելի ՌՕՈւ կայքի՝ առաջին շաբաթում մասնակիցները հարմարվելու են բազային և ծանոթանալու են միմյանց հետ, իսկ երկրորդ շաբաթում արդեն անցկացվելու են թռիչքային, գործնական վարժանքներ:

«Կապույտ դրոշ 2015» զորավարժության ժամանակ Իսրայելի և այլ մասնակիցների ՌՕՈւ ինքնաթիռները Կարմի ծովի վրա

Վարժանքներին ներգրավվել են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:

Զորավարժությանը ներգրավված զինտեխնիկան՝

  • Իսրայել — F-15, F-16I, F-16C/D և բեռնատար ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, ՌԷՊ սարքեր,
  • ԱՄՆ, Լեհաստան, Հունաստան — F-16 կործանիչներ
  • Ֆրանսիա — «Միրաժ» 2000D բազմանպատակային կործանիչներ,
  • Գերմանիա — Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչներ
  • Իտալիա —  Panavia Tornado կործանիչ-ռմբակոծիչներ
  • Հնդկաստան — C-130J ռազմական բեռնատար ինքնաթիռներ

«Կապույտ դրոշ» զորավարժությունների շարքը մեկնարկել է 2013 թվականին: Ի տարբերություն նախորդ զորավարժության, որը կայացել էր 2015-ին, այս տարվա  զորավարժությունը ծավալով և մասնակիցների թվով ավելի մեծ է:

2015-ին Իսրայելի «Օվդա» ավիաբազայում անցկացված զորավարժությանը Իսրայելից բացի մասնակցում էր միայն ԱՄՆ-ն, Հունաստանը և Լեհաստանը: Զորավարժությանը ներառված էր 54 միավոր ռազմական ինքնաթիռ, 102 օդաչու և 416 հոգի սպասարկող անձնակազմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *