Նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Հայաստանը և Սերբիան հաստատել են Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը: Հայ և սերբ սակրավորներին կարող են միանալ նաև չինացիները: Այս մասին Ֆոմինը հայտնել է «Գազետա» լրատվակայքին տված հարցազրույցում:
ՌԴ ՊՆ տեղակալը նշել է, որ իրենք Սիրիայի ականազերծման շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների հետ.
«Իրենց ինժեներական ստորաբաժանումները Սիրիա ուղարկելու պատրաստակամությունն արդեն հաստատել են Երևանը և Բելգրադը, նրանց կարող են միանալ չինացի սակրավորներ», – Նշել է Ֆոմինը:
Սիրիայի տարածքների ականազերծումն իրականացվելու է ՄԱԿ-ի ականազերծման ծառայության հետ համագործակցությամբ: Ներկայում ընթանում են միջոցների ներգրավման բանակցություններ: Ներկայում Սիրիան և ՄԱԿ-ի ականազերծման հարցերով զբաղվող ծառայությունը (UNMAS) քննարկում են Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման առաքելության տեղակայման հարցը:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մայիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ «ՌԴ և ՀՀ նախագահների հանձնարարականներով Հայաստանի և ՌԴ ՊՆ-ները քննարկում են Սիրիայում Ռուսաստանի իրականացրած հումանիտար ականազերծման աշխատանքներին ՀՀ ԶՈւ սակրավորների մասնակցության հարցը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պարբերաբար ականազերծում է Սիրիայի՝ այդ երկրի կառավարության հսկողությանն անցնող տարածքները: ՌԴ սակրավորներն ականազերծել են Հալեպը և Պալմիրան, ընդ որում վերջինը՝ երկու անգամ (1,2):