Նոյեմբերի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազա և հանդիպել է ռազմաբազայի զինծառայողներին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:
Ջանիքլին նաև ստուգումներ է անցկացրել ռազմաբազայում: Պաշտպանության նախարարին ուղեկցել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը:
Նոյեմբերի 5-ին Ջանիքլին մասնակցել է թուրքական «Հավելսան» ընկերության Կատարի ռազմաօդային ուժերի համար արտադրած AgustaWestland AW139 բազմանպատակային ուղղաթիռի վարժասարքի կենտրոնի բացման արարողությունը:
Millî Savunma Bakanı Nurettin Canikli, Havelsan'ın Katar'daki AW139 Helikopter Simülatör Uçuş Eğitim Merkezi'nin açılış törenine katıldı. pic.twitter.com/eqXY6Kv27F
— Savunma Bakanlığı (@tcsavunma) November 5, 2017
Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Կատար սկսել է նոյեմբերի 4-ին: Նույն օրը կայացել է Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հանդիպում: Կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմակրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:
Այդ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսել է զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել: