Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 2016-ի ապրիլին կնքված «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը: Նույն օրը համաձայնագիրը հաստատել է Թուրքիայի նախագահը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կատարում տեղակայված Թուրքիայի ռազմաբազայում. 2016-ի նոյեմբեր
Համաձայնագրով հաստատվում են Կատարում Թուրքիայի զինուժի երկարաժամկետ տեղակայման պայմանները, կանոնները, ինչպես նաև Կատարում տեղակայվելիք Թուրքիայի զինուժի կարգավիճակը:
Համաձայնագրով նախատեսվում է Կատարում տեղակայել.
- համատեղ շտաբ,
- համակարգող խումբ
- աջակցման ուժեր,
- ցամաքային զորքեր,
- ծովային ուժեր,
- օդուժ, որի քանակը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:
Կատար ուղարկվող թուրքական զորախմբի ծառայության ժամկետը որոշվելու է թուրքական կողմը, սակայն համակարգող խմբի անձնակազմը ամենաքիչը 2 տարի պետք է ծառայություն իրականացնի:
Կատարը պարտավորվում է Թուրքիայի զինուժին ապահովվել բոլոր անհրաժեշտ միջոցներով և տարածքներով, թույլատրել օգտվել օդանավակայաններից, նավահանգիստներից, տեղակայել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, հիմնել զինվորական ճամբարներ և այլն:
Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ Կատարի և Թուրքիայի զինուժը կարող են համատեղ վարժանքներ և զորավարժություններ իրականացնել, ինչը կօգնի զարգացնել երկու երկրների զինված ուժերի կարողությունները:
Նշենք, որ Թուրքիայի և Կատարի համատեղ ռազմական ուսումնավարժանքների և Կատարում Թուրքիայի ռազմական ուժերի տեղակայման մասին համագործակցության համաձայնագրերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել էին դեռևս 2015-ի մարտի 1-ին, իսկ նույն տարվա հունիսի 8-ից այն գործողության մեջ էր դրվել:
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, ինչը նախատեսված է նաև 2007-ի մայիսի 5-ին «Թուրքիայի կառավարության և Կատարի կառավարության միջև ստորագրված զինվորական կրթության, տեխնիկական և գիտական համագործակցության» համաձայնագրով, ինչպես նաև 2012-ի հուլիսի 7-ին ստորագրված ռազմարդյունաբերական և ռազմական համագործակցության համաձայնագրերով։
Բացի այդ, նույն օրը՝ հունիսի 7-ին, Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նաև դեռևս 2015-ի դեկտեմբերին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Թուրքիայի և Կատարի միջև ժանդարմերիայի ուսումնավարժական ոլորտում համագործակցության մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված արձանագրությունը» վավերացնող օրինագիծը:
Այս արձանագրության համաձայն Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը և Կատարի ներքին անվտանգության զորքերը կարող են համագործակցել հետևյալ ոլորտներում.
- փոխադարձ այցելություններ տարբեր ստորաբաժանումներ, միավորումներ, շտաբեր, ինստիտուտներ,
- տարբեր ուսումնավարժական կենտրոններում համատեղ կրթական ծրագրերի, վարժանքների իրականացում,
- ներքին անվտանգության ապահովմանը, մաքսանենգության և կազմակերպված հանցագործությանն ուղղված վարժանքներ,
- փորձի և գիտելիքի փոխանակում համընդհանուր խնդիրների և տեխնոլոգիաական համագործակցության ոլորտում,
- փոխադարձ աջակցություն վարժանքների ժամանակ անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի հարցում,
- ուսումնավարժական և թիքունքային ապահովման ոլորտում փորձի փոխանակման համար խոհրդատվական ծառայություն ստեղծում,
- զինված ուժերի գլխավոր շտաբին կից ուսումնավարժական և կրթական կենտրոններում և ինստիտուտներում դասընթացներ և վարժանքներ անցնելու համար անձնակազմի ուղարկում:
Նշենք, որ այս արձանագրությունը Կատարի և Թուրքիայի միջև կնքվել է դեռևս 2001-ին՝ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների ստորագրած անվտանգության համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Հատկանշական է, որ հունիսի 8-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը խորհրդարանական խմբակցությունը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերեց այս երկու համաձայնագրերի վավերացման հարցը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի պարագայում:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ այժմ Կատարում գտնվում է Թուրքիայի ԶՈւ 94 զինծառայող: Համաձայն թուրքական կողմի հայտարարությունների՝ Կատարի հետ համաձայնագրի վավերացումից հետո նախատեսվում էր այդ երկրում տեղակայել 3000 զինծառայող:
Ավելացնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը, Բահրեյնը և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Այս դեպից հետո Թուրքիայի իշխանությունները Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամում կոչ են արել կողմերին հարցը լուծել բանակցային սեղանի շուրջ (այս մասին մանրամասն այստեղ):
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավար մարմինները քննդատել են այն, որ Կատարի շուրջ ճգնաժամի էլ ավելի լարվածության պայմաններում իշխող ԱԶԿ-ն հրատապ կերպով այդ օրինագծերի հարցը բարձրացրել է խորհրդարանում: Իսկ «Ազգայնական շարժում կուսակցությունը» հայտարարել է, որ արաբական երկների միջև առկա խնդիրներում Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:
Չնայած թուրքական կողմը ոչ մի բացահայտ հայտարարություն չի արել ի պաշտպանություն այս կամ այն կողմի, սակայն այն փաստը, որ Թուրքիան ընդամենը մի քանի օր անց վավերացնում է Կատարի հետ ռազմական համագործակցության ոլորտում այս երկու համաձայնագրերը, կարող է ազդանշան լինեն այն բանի, որ թուրքական կողմը իր աջակցությունը հայտնում է հենց Կատարին:
Բացի այդ, քանի որ արաբական այդ երկրները կտրել էին նաև ցամաքային, օդային և ծովային կապը Կատարի հետ, Կատարը փաստացիորեն զրկվել էր այդ երկրներից սննդի, ջրի և այլ մատակարարումներից: Թուրքիան հունիսի 8-ին սկսել է Կատարին սննդամթերք մատակարարել: Այստեղ հատկանաշական է, որ սոցցանցերում գրառումներ են տարածվել, որոնցում Թուրքիայից ուղարկված աջակցության համար շնորհակալություն էին հայտնում՝ օգտագործելով «Ողջու՜յն է՜յ օսմանցի, ողջո՜ւյն» արտահայտությունը:
TÜRKİYE 'den Katar 'a giden gıda maddeleri gümrüklere ulaştı . Resmin altında arapça " Selam ey OSMANLI Selam" yazıyor . #TurkeyWithQatar pic.twitter.com/AAoAiyGq8c
— Abdülhamid Osmanoğlu (@osmanoglu_79) June 7, 2017
Հիշեցնենք, որ 2015-ին Կատարում Թուրքիայի զինուժ տեղակայելու մասին պայմանագրի կնքումից հետո, թուրքական մամուլը մասնավորապես իշխանամետ Yeni Şafak թերթը, տարածում էր այս տեղեկությունը օգտագործելով «100 տարի անց թուրք զինծառայողը Կատարում է» վերնագիրը: Սրանով թերթը փորձում էր ակնարկել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կատարը լքած թուրք զինծառայողները վերադառնում են այդ երկիր:
Սա էլ իր հերթին տեղավորվում է Թուրքիայի ներկա իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական տեսլականի մեջ, որը ընդունված է անվանել «Նեոօսամիզմ»: Այն ենթադրում է «Օսմանյան կայսրության վերակագնում»՝ նախկինում կայսրության մաս կազմած երկրներում Թուրքիայի ազդեցության տարածման միջոցով: Նման արտաքին քաղաքական տեսլականի հռետորաբանությունն էլ Թուրքիան կառուցում է՝ ելնելով համընդհանուր օսմանյան պատմաշակությաին անցյալի և դրա առանձնահատկությունների վրա:
Ինչ վերաբերում է Կատարի շուրջ ճգնաժամին, ապա արաբական մյուս երկրները իրենց արարքը բացատրում են երկու հիմնական պատճառով: Նախ նրանով, որ Կատարը որոշ ժամանակ առաջ հանդես էր եկել Իրանի հետ հարաբերությունները էլ ավելի բարելավելու և զարգացնելու հայտարարություններով, ինչը իհարկե առաջացնում է մասնավորապես Սաուդյան Արաբիայի զայրույթը, որը պատմականորեն համակարտության մեջ է գտնվում շիայական Իրանի հետ: Բացի այդ, արաբական երկրները մեղադրում են Կատարին սուննի իսլամական ահաբեկչական կառույցներին աջակցելու համար:
Կատարի շուրջ առաջացած այս նոր ճգնաժամը կապված չէ միայն Կատարի և արաբական մի շարք երկրների հետ, այլ իր մեջ այլ գործոններ և խաղացողներ է ընդգրկում՝ հանձին Իրան — Միացյալ Նահանգներ լարվածությունը, Իրան — Սաուդյան Արաբիա, սուննի-շիա պատմականորեն ձևավորված հակամարտությունները և մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացներն ու ճգնաժամերը: